ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Սաֆարովները գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ ընդամենը խողովակաշար»

«Սաֆարովները գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ ընդամենը խողովակաշար»
04.02.2013 | 20:33

irates.am կայքէջի հարցերին պատասխանում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

-Ըստ Ձեզ, ինչպե՞ս ընկալվեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը միջազգային մասշտաբով, այն ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի վարկանիշի վրա:
-Ցավում եմ կատարվածի համար: Բազմաթիվ գնահատականներ են տրվել այդ սադրիչ արարքին, այդ թվում նաև` օտար մամուլում: Եվս մեկ անգամ ասենք, որ այս փուլում հատկապես այն նպատակ ուներ աղավաղելու մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, այն ուղղված էր մեր պետության վաղվա օրվա նկատմամբ ձևավորվող վստահության դեմ: Կարծում եմ` դեռևս կան ուժեր (ներքին կամ արտաքին` տվյալ պարագայում կարևոր չէ), որոնք կփորձեն պայքարել մեր երկրում ձևավորված հանդուրժողականության, հասարակական կոնսոլիդացիայի ու ներքաղաքական կայունության դեմ: Մենք բոլորս միասին պետք է առավել քան զգուշավոր լինենք մեր բոլոր գործողություններում: Այսօր մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների որոշակի շրջադարձային փուլում: Հետագա զարգացումներում կարող է էլ ավելի մեծ լինել Հայաստանի Հանրապետության դերակատարությունը: Դրանով պայմանավորված հատկապես մեծ է միջազգային հանրության ուշադրությունը մեր նախագահական ընտրությունների բոլոր փուլերի վրա: Այսօր ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներից, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, անկախ իր զբաղմունքից ու գործունեության բնույթից, պահանջվում է պատասխանատվության բարձր մակարդակ: Անկախ ամեն ինչից, մենք բոլորս համատեղ ջանքերով պետք է պատվով, հաջողությամբ, իրավական բոլոր ընթացակարգերին համապատասխան անցկացնենք մեր երկրի նախագահի ընտրությունները, և այն պետք է արժանանա միջազգային հանրության ու դիտորդական առաքելությունների բարձր գնահատականին: Սա ապահով ապագայի, ապահով Հայաստանի համար մեզ տրված բացառիկ, գուցե և պատմական շանս է, և որևէ մեկն իրավունք չունի այն փչացնելու:
-Արտաքին քաղաքականությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներդրեց նոր ֆուտբոլային դիվանագիտություն, որի վերաբերյալ տեսակետները բաժանվեցին երկու մասի: Մի հատվածը այն հաջողված է համարում, մյուսը համոզված է, որ այն ավելի վատ հետևանք ունեցավ: Այժմ նախագահական ընտրություններ են և, ըստ Ձեզ, գործող նախագահը արտաքին քաղաքականությունում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, որոնք կարող են այսօր դիվիդենդներ բերել նրան:
-Մեկ հարցազրույցում վերլուծել և ներկայացնել վերջին հինգ տարվա ձեռքբերումների ամբողջական սպեկտրն անհնար է: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս տարիներին մեծ ջանքեր է ներդրել ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում մեր հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայր ցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը: Սակայն հիմնական ձեռքբերումը համարվում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը: Այսինքն` հարաբերական խաղաղության ամրապնդման գործընթացներին զուգահեռ ավելացան պաշտպանունակության և անվտանգության ռեսուրսները: Այս պայմաններում ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը պահվեց այն ընկալման շրջանակում, համաձայն որի ԼՂ բնակչությունը պետք է լիարժեք հնարավորություն ունենա, միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, իր վերջնական կարգավիճակն ու ճակատագիրը որոշելու համար:
-Դուք ընդգծեցիք հարաբերական խաղաղությունը, որպես ձեռքբերում, սակայն այն ձեռք է բերվել և պահպանվել է ՀՀ նախկին երկու նախագահների օրոք: Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ապահովվել է արդեն ձևավորված քաղաքականության շարունակականությունը:
-Հայաստանը, այո, վարել և վարում է փոխլրացման քաղաքականություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարիներին այդ քաղաքականությունն ավելի կայուն հիմքեր է ձեռք բերել: Դրա արդյունքում Հայաստանն աստիճանաբար օբյեկտից վերածվում է սուբյեկտի, ինչն արդեն ձեռքբերում է: Այսինքն, Հայաստանի դիվանագիտական գործոնը սկսում է աշխատել, Հայաստանը դիտարկում են որպես քաղաքական իրողությունների ինքնուրույն դերակատար, և որոշ հարցերում կարողանում է ազդեցություն ունենալ զարգացումների վրա` ուղղակի կամ անուղղակի: Սա նուրբ և լուրջ առաջընթաց է: Համաձայնեք, որ ներկայիս բավականին խճողված արժեհամակարգային դաշտում, տրանսազգային և էթնոքաղաքական շահերի պայմաններում, երբ Հայաստանը կարողանում է իր սեփական շահերը ներմուծել և ստանալ դիվիդենդներ, դա վկայում է նրա արտաքին քաղաքականության ճկունության, ճշգրիտ հաշվարկների և գործողությունների մասին:
-Այսինքն` մենք կարող ենք ասել, որ Հայաստանն իր վարած քաղաքականության արդյունքում հավասար գործընկեր է շատ այլ երկրների հետ:
-Շատ հարաբերություներում` այո: Չմոռանանք, իհարկե, որ համեմատությունը պետք է անել այն խնդիրներում, որոնք անմիջականորեն առնչվում են մեր տարածաշրջանին կամ նրա շուրջ են:
-Լավ, օրինակ, ո՞ր ոլորտներում կարող ենք հավասարության նշան դնել:
-Ռազմաքաղաքական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, կոմունիկացիոն, միջազգային երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների, օրակարգային տարբեր հարցերում և այլն:
- Եթե դիտարկում ենք Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ միջազգային կառույցների մոտեցումը, ապա շատ հարցեր են առաջանում: Երբ Ադրբեջանը դիվանագիտական կոշտ խախտումներ է թույլ տալիս կամ ոտնահարում է միջազգային օրենքները, նույն միջազգային կառույցները նրա նկատմամբ կոնկրետ սանկցիաներ չեն կիրառում: Սակայն շատ խիստ են լինում Հայաստանի նկատմամբ, երբ նա մի փոքր սխալ է թույլ տալիս: Ինչո՞վ եք պայմանավորում գործող երկակի ստանդարտները։
-Այն, որ միջազգային հանրությունը Հայաստանին և Ադրբեջանին իրար հետ չի համեմատում, արդեն լավ է: Եթե Ադրբեջանը չի պատժվում, ապա նշանակում է, որ նրա ժողովրդավարությունը որևէ մեկի համար էական չէ, և այն դիտարկվում է, որպես միայն նավթ կամ գազ մատակարարող երկիր: Բնականաբար, նման երկրները չեն կարող ունենալ սոցիալ-քաղաքական երկարատև հաջողություններ: Արդյունքը մենք այսօր տեսնում ենք, ինչպես է Ալիևի և նրա վարչակազմի նկատմամբ ձևավորվում հասարակության դժգոհությունների ալիքը: Այն, որ Ադրբեջանում այսօր հասարակությունն ընդվզում է իշխանությունների դեմ, այն բանի հետևանքն է, որ միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքում Ադրբեջանի ներքին խնդիրներին: Օրինակ, երբ Ադրբեջանի ազդեցության տակ ընկած որոշ երկրների սուբյեկտիվ պատգամավորների շնորհիվ ԵԽԽՎ-ն համարում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից, դրանից էլ ավելի են մեծանում ներքին լարվածությունն ու ընդվզումները: Այնպես որ, Ադրբեջանին լավություն չեն արել, այլ վատություն: Հայաստանի համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում, տարբեր ժամանակներում որոշակի խնդիրներ են առաջ եկել, սակայն մեր իշխանությունները խելամիտ կերպով ընդունել են բացերը և լուծումներ տվել: Դրա համար բարեփոխումների շարունակականությունը ժողովրդավարության հաստատման դաշտում տվել է այնպիսի արդյունքներ, որ այժմ չնչին դետալների շուրջ են տեղի ունենում դիտողությունները: Սա նշանակում է առաջընթաց` ձեռքբերում:
-Համաձայն եմ Ձեզ հետ, որ ժողովրդավարության հաստատված և դրան ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Հայաստանն առաջատար է: Սակայն դրանից, օրինակ, Ղարաբաղի կարգավորման հարցը դեռևս չի շահել: Եթե միջազգային կառույցներն ավելի կոշտ լինեին Ադրբեջանի նկատմամբ, խնդիրը, թերևս, լուծված լիներ և Ադրբեջանը շահեկան դիրքերում չլիներ:
-Համաձայն չեմ Ձեզ հետ: Ադրբեջանը շահեկան դիրքերում չէ : Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ Ադրբեջանը շահել է:
-Ռամիլ Սաֆարովի օրինակը:
-Ի՞նչ տվեց դա Ադրբեջանին:
-Եկեք դիտարկենք, թե միջազգային հանրության` Ադրբեջանին ուղղված քննադատությունը ի՞նչ տվեց Հայաստանին:
-Հայաստանը էլի մեկ քայլով առանձնացավ Ադրբեջանից: Կրկնեմ, որ աշխարհին այսօր նավթ և գազ պետք են, ինչը գաղտնիք չէ: Ադրբեջանը դիտարկվում է որպես էներգակիր խողովակաշար: Իսկ մեր հակադրելու ամենամեծ ռեսուրսը ժողովրդավարությունն է, ժողովրդավար պետության համբավն է, քաղաքակիրթ հանրության անբաժանելի մաս դիտարկվելու մղումն է, իրավական ու սոցիալական լիարժեք հասարակություն ունենալն է, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության միասնական ներուժի ստեղծումն է: Այդ ճանապարհին մենք ընկրկելու իրավունք չունենք։
-Այո, սակայն տնտեսական շահը միշտ գերակա է:
-Այո, այն էական է նաև քաղաքակիրթ երկրների համար: Այն կա նաև անկախ Սաֆարովի լինել-չլինելուց, իսկ սաֆարովները գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ ընդամենը խողովակաշար, որին այդպես էլ պետք է վերաբերվել: Սա նշանակում է, որ քաղաքակրթական երկխոսության, ժողովրդավարական ինստիտուտների հաստատման, միջազգային հարաբերություններում ինքնուրույն դերակատարության հնարավորություններ Ադրբեջանը չունի: Մենք պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում Հայաստանի դերակատարությունն օբյեկտիվորեն առանձնանում է: Եվ կարծում եմ, մեր շահերից է բխում Ադրբեջանի հետ հավասարության եզրերից հնարավորինս հեռու մնալը, քանի դեռ այնտեղ տիրում են ավտորիտար, սուլթանատին բնորոշ քսենոֆոբիկ, ռազմաշունչ տրամադրություններ:
- Գիտեք, առանձնանալը տեսանելի կլիներ, երբ տարածաշրջանային խոշոր միջազգային ծրագրերում Հայաստանը ներգրավված լիներ, ինչը դեռևս չի նկատվում:
-Ընդգծենք, որ Հայաստանը Հարավային Կովկասում արդեն իսկ ունի ընդգծված դերակատարություն: Տնտեսականից զատ, պակաս կարևոր չեն անվտանգությանն առնչվող խնդիրները: Եթե հարցը դիտարկում ենք տնտեսական տեսանկյունից, ապա նշենք, որ, Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, կարող է և այս կամ այն ծրագրում ընդգրկված չլինել, իսկ ապագայում միանալ: Իսկ այսօր, հաշվի առնելով մեր որոշ հարևանների վարած ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի աշխարհագրական դերակատարությունը, որպես արտաքին քաղաքական ռեսուրս, մեր իշխանությունները բարձրացրել են առավելագույն էֆեկտիվության մակարդակի, ուստի դրանով ևս Հայաստանի դերակատարությունն աճում է:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ